Զրո համարի խմբագրական
Մոմիկ Վարդանյան
Մատեանը պրպտող, վեր հանող եւ փաստագրող հանդես է՝ նախաձեռնված Արտ Բազիս կողմից։ Այն մեր կյանքի եւ միջավայրի առօրյայի համար պետք է դեղ ու դարմանների տեղ ցույց տա եւ հավասար փաստագրի տեղի ունենալիք արժան դեպքերը։ Հանդեսը փորձելու է փոխել արմատացած օտար հայացքները եւ ինչու չէ վստահությամբ եւ ակնածանքով մեզնից բխեցնելու մեր կորուսյալ, բայց ունեցած հայացքը։
Մեզ դուր է գալիս հանդես ունենալու միտքը․ Արտ Բազիսը տարիներ շարունակ ձեւեր է փնտրել՝ այն սկսելու համար։ Ինչ-ինչ պատճառներով այն չի իրականացել ավելի վաղ, բայցեւ կարծում ենք, որ այն երկար ու կայուն կյանք կունենա՝ թվանշային, ապա նաեւ տպագիր ձեւաչափերով։
Երկար մտածել ենք անվանման մասին, եւ հաշվի առնելով մեր այսօրվա հետաքրքրությունները՝ պեղելու այստեղի տեղի ու մարդկանց իմացած զարմանահրաշ բաները, եւ այդ առիթով քանի որ շատ ենք առնչվում ձեռագիր եւ տպագիր, անտիպ եւ պատահական գտնված մատյանների պարունակությանը՝ մեր ներկա դրությունը ավելի լավ հասկանալու համար, հանկարծակի մտքներումս եկավ հանդեսի անունը եւ այն կոչեցինք Մատեան։
Հանդեսը հավակնություն չունի միակ դարմանը լինելու եւ չի փորձելու մտնել կեղծ եւ կոմերցիոն օրակարգերի մեջ՝ փոխարենը ժամանակը կտրամադրենք նոր հետաքրքրաշարժ եւ օգտակար ոչ սինթետիկ տեքստեր ու պատմություններ պեղել այստեղի արդար գյուղերում եւ քաղաքներում ապրող մարդկանց միջից՝ հաց ու ջրի պես անհրաժեշտ առօրյայի համար։
Հանդեսը ձեւավորման փուլում է, բայցեւ բաց է համագործակցությունների համար բոլոր այն հեղինակների համար, ովքեր գրում են մեր սիրած ոչ դեկորատիվ, այլ յուրահատուկ եւ չճշնող արվեստի, ձայների, հարեւանություն անելու մոռացած ձեւերի եւ պոզիտիվ այլ պրակտիկաների, բույսերի եւ այլ երեւակայական ու իրական բաների մասին։