Դմիտրի Սարկիսովի տեխնոպոեզիան
Վարդան Ջալոյան

Դմիտրի Սարկիսով - Լարված հավասարակշռություն
Ստուդիո 20, Երեւան
16 ապրիլի - 9 մայիսի, 2025
Կուրատոր՝ Մոմիկ Վարդանյան

Դմիտրի Սարկիսովի ցուցահանդեսը ժամանակակից տեխնիկայի եւ ժամանակակից պատերազմների մասին է, որը նա գիտի ըստ էության, քանզի երկար ժամանակ աշխատել է իբրեւ ռազմական ինժիներ։ Նրա աշխատանքները ներկայացված են եղել բազմաթիվ հեղինակավոր արվեստային հարթակներում, բայց պետք է նշեմ, որ այս ցուցադրությունը աչքի է ընկնում իր կոնցեպտուալ բազմազանությամբ եւ դրա հետ մեկտեղ՝ ամբողջականությամբ։ Աշխատանքները արված են վիդեո արտի եւ ինստալիացիայի ժանրում՝ ընդգծելով ժամանակակից արվեստի եւ տեխնիկայի միջեւ ձեւավորված կապը։

Ինստալիացիայի կենտրոնում ֆրանսիական «Թոմսոն» մեծ եւ անճոռնի հեռուստացույցն է։ Այն թվում է արխաիկ, չնայած երկու տասնամյակի չափ պատմություն ունի։ Թվում է, որ հարկավոր է մտածել տեխնոլոգիայի մասին որպես մարդկային «գործիք», բայց փաստն այն է, որ իրավիճակն ամբողջովին հակառակն է: Այսօր մարդը այլեւս «պատմության սուբյեկտը» չէ, այլ իր սեփական տեխնոլոգիական աշխարհի պարզ «գործառույթը»: Տեխնիկան եւ տեխնոլոգիան գործում եւ զարգանում են մարդուց անկախ, այս իմաստով նրանք են «պատմության սուբյեկտը»։ Այս հեռուստացույցը անցյալ է, իսկ ապագան՝ տեխնիկայի նոր սերունդները։

Ցուցահանդեսի այցելուն անշուշտ կնկատի, որ արվեստագետը ներկայացնում է գործեր, որոնք չունեն մեկնաբանություն, բաց են այցելուի համար։ Ի՞նչ նշանակում «Holidays» գործը։ Ո՞ր հարկավոր է դադարել անհանգստանալ եւ ապրել, թե՞ հակառակը, մենք դադարել ենք տեսնել աճող սպառնալիքները։ Արվեստագետը խաղում է երկիմաստության եւ անորոշության ընձեռած էսթետիկական էֆեկտի հետ։ Դ․ Սարկիսովի քաղաքական արվեստը զգայուն է եւ էսթետիկ՝ առանց պլակատային ուղերձների։

Որպես օրինակ կուզենայի նշել նաեւ ամպերի մասին աշխատանքը։ Այն արված է այֆոնով, այսինքն չի հավակնում գեղարվեստական լուսանկարի կատարելության։ Այնտեղ չկա նաեւ ուշագրավություն, դրանք սովորական ամպեր են, որոնց մենք սովորաբար չենք նկատում։ Կան ու կլինեն, եւ աննկատ են, եւ մեր հայացքի համար անհրաժեշտ ֆոն։ Հնարավոր է ամպերը դիտարկել որպես տեխնիկայի այլը, նրանց ամորֆության եւ փոփոխականության պատճառով։

Անձամբ ինձ մոտ է Շառլ Բոդլերի մեկնաբանությունը։ «Օտարականը» արձակ բանաստեղծության մեջ նա ասում է «— Հապա ի՞նչն ես սիրում դու, արտասովոր օտարական:— Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ սահում են…. այնտե՜ղ, բարձրո՜ւմ…. այն սքանչելի ամպե՜րը…»։ Ընդգծելով ամպերի ամորֆությունն ու անցողիկությունը՝ Բոդլերը դրանք նկարագրել է որպես «լողացող ամրոցներ, աննյութականի կախարդական կառույցները, որոնք Աստված կառուցում է գոլորշիներից»։

Ցուցադրության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում «Love strong as death» վիդեոիստալիացիան, բաղկացած 61 մինի վիդեոներից դասավորված աղուսյակի տեսքով։ Այն ստեղծված է այն ժամանակ, երբ Դմիտրի Սարկիսովը ծառայում էր որպես ռազմական ինժիներ ։ Վիդեոները հիմնականում ստատիկ են, միայն երբեմն այստեղ եւ այնտեղ ինչ որ բան է փոխվում։ Մենք տեսնում ենք ռազմական օդանավակայանի սովորական առօրեան, բայց այն սպասումի մեջ է, որ գուցե շուտով կամ ուշ, ինչ որ աղետ կլինի եւ դա անխուսափելի է։ Կործանարար զենքը սպասումի մեջ է։

«Փափուկ ուժ» - Soft power օբյեկտը ութ չինական սրբիչներ են ավանդական դիզայնով։ Հեգնանք, բայց նաեւ դառնություն կա այս աշխատանքում։ Իմպերալիզմը դեն է նետել իր բարեսիրտ՝ «փափուկ ուժի» դիմակը եւ գործում է բացառապես բիրտ ուժի մեթոդներով։

Այս աշխատանքը հիշեցնում է, որ ժամանակակից աշխարհում աճում է լարվածությունը, ռազմական բախումները դառնում են ավելի վտանգավոր, այդ թվում դառնում իրական նույնիսկ միջուկային զենքի կիրառումը։ Վտանգը գալիս նաեւ նոր տեխնալոգիաներից որոնք կիրառվում են մարտադաշտում, ինչպես օրինակ՝ ԱԹՍ֊ների։ Պատերազմը դառնում է ավտոմատացված մեքենաների մենամարտ։

Տեխնիկան ապամարդկային է քանզի հանգեցնում է լեզուն գործողությունների հերթականության, որոնք այն ենթարկում են տեխնոլոգիական արտադրության արտաքին նպատակին: Այս հաջորդականության համար ամենահարմար անվանումը տեղեկատվությունն է, որը տեխնիկական դարաշրջանի լեզուն է:

Որպես արվեստագետ Դմիտրի Սարկիսովին կարելի համարել ժամանակակից, հատկապես թվային տեխնոլոգիաների քննադատ։ Այդ բոլոր տեխնոլոգիականը ռազմական ծագում ունեն եւ հետո են միայն կիրառվել քաղաքացիական ոլորտում, բայց նրանք պահպանել են իրենց միլիտարիստական տրամաբանությունը։ Նրանք մեզ վերածում են տեխնոլոգիաների հրամանը կատարող շարքային զինվորների։ Բայց այդ հարաբերությունը միանշանակ չէ եւ չի հանգում տեխնոպեսիմիզմի։

Գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերը «Տեխնիկայի հարցը» աշխատությունում գրում է․ «Քանի որ տեխնկայի էությունը տեխնիկականը չէ, տեխնիկայի էութենական ըմբռնումը եւ դրա հետ վճռական սահմանազատումը պետք է տեղի ունենա մի ոլորտում, որը մի կողմից առնչվում է տեխնիկայի էությանը, իսկ մյուս կողմից, այնուամենայնիվ, այս ոլորտները հիմնովին տարբերվում են իրարից։ Այդ ոլորտներից մեկը արվեստն է»: Մ․ Հայդեգերը տեխնիկան եւ պոեզիան կապեց երրորդ հայեցակարգի հետ, որն ընդհանուր է նրանց համար: Այս հայեցակարգը հնագույն «տեխնեն» է, որը հին հույների աչքում միավորում էր եւ՛ «գեղարվեստը» (որի հավաքական անվանումն է՝ poiesis), եւ՛ «արտադրական արվեստները»՝ խեցեգործությունից մինչեւ գյուղատնտեսական արհեստներ:

Եթե տեխնիկան եւ արվեստը մտնում են արդյունավետ դաշինքի մեջ, ապա նրանց հակադրությունը դառնում է իզուր եւ հնարավորություն է ստեղծվում վերաիմաստավորելու այն ազգակցությունը, որը նկատել են հույները: Այս պահից բանաստեղծական աշխարհայացքը կարող է տեխնոլոգիան դիտել ոչ թե որպես խոչընդոտ, այլ վստահելի դաշնակից։ Դա տեղի ունի, երբ տեխնիկանը ոչ միայն ավերիչ ուժ է, այլ նաեւ արվեստ հետ համագործակցության շնորհիվ բացահայտում է իր ազատագրական պոտենցիալը։ Այդ հնարավորությունը հատկապես ակտուալ է թվային տեխնոլոգիաների դարաշրջանում։

Որպես արվեստագետ Դմիտրի Սարկիսովը շարժվում է հենց այդ ուղղությամբ։