Գոյատևել զգայական տարածքում, առանց մեկնաբանման կարիքի
Արուսյակ Հովհաննիսյան
Մարտի 19 - Ապրիլի 11, 2025
Սվետլանա Անտոնյան (Օկեան) - Լուրթ անուրջներ
Ստուդիո 20, Երեւան
Կուրատոր՝ Մոմիկ Վարդանյան
Լուրթ անուջներ։ Պոետիկ հնչողություն, որը դուրս է գալիս իմացական հստակության սահմաններից։ Մարմինդ սկսում է դողալ։ Ոչ ցրտից։ Ոչ սարսափից։ Այլ այն խորը, անբացատրելի ներկայությունից, որը երբեմն դիպչում է մեզ առանց որևէ բառի կամ պատկերի։ Դա այն վիճակն է, երբ ինչ-որ բան՝ անշոշափելի, անտեսանելի, սկսում է սահել մաշկիդ տակ, բայց չի հասնում մսիդ։ Բարակ շերտի տակ է կանգ առնում, ու այնտեղ՝ անորոշ, լուռ ու համառ կերպով, մնում է։
Ցուցահանդեսը հենց այդ շերտի մասին է։ Միջավայր , որտեղ այլևս կարևոր չէ կոնցեպտը, ցուցադրությունը, ստեղծագործությունները որպես առանձին միավորներ։ Դու կանգնած ես ոչ թե տեսնելու կամ ընկալելու համար, այլ՝ լինելու։ Եվ այդտեղ է սկսվում ներքին երկխոսությունը՝ դիտե՞ս ստեղծագործությունը, թե՞ փակես աչքերդ ու լսես ուղեկցող ձայնը։ Իսկ գուցե՞ պարզապես կանգնես։ Գուցե՞ ոչինչ չանես։
Ինքդ քեզ հարց ես տալիս։ Հետաքրքրությունը վերածվում է անվստահության։ Զգայունությունը՝ տարակուսանքի։ Գուցե՞ մենք այնքան խորն ենք խրվել կոնցեպտուալ սխեմաների մեջ, որ նույնիսկ պարզ զգացողությունը դարձրել են խորթ մեզ համար։ Զգալ՝ առանց վերլուծելու։ Գոյատևել զգայական տարածքում՝ առանց մեկնաբանության կարիքի։
Եվ գուցե հենց այդտեղ է տեղի ունենում բախումը։ Ցուցահանդեսը մարտահրավեր է՝ ոչ թե մեր ինտելեկտին, այլ մեր մաշկին, մեր զգայարաններին, մեր խոցելիությանը, նրան ինչը տեխնոլոգիական աշխարհում մեզ համար դարձել է օտար։ Դու հանկարծ նկատում ես՝ որքան խորթ է դարձել քեզ այն, ինչ մի ժամանակ բնական էր. պարզապես ապրել զգացողությունը։ Ոչ թե հասկանալ, այլ զգալ։ Ոչ թե անվանել, այլ ընդամենը լինել։
Այս տեքստը, որ դու հիմա կարդում ես, նույնպես մարտահրավեր է։ Ոչ թե բացատրելու կամ մեկնաբանելու փորձ, այլ պահի զգացողությունը փոխանցելու։ Գուցե անգամ ոչ թե փոխանցելու, այլ պահպանելու՝ այդ անէական, հազիվ որսալի վիճակը, որ թաքնված է աչքի և մտքի սահմաններից դուրս։
Գրելիս փորձում եմ հավատարիմ մնալ այդ վիճակին։ Դիմադրելով մեկնաբանելու գայթակղությանը, մնում եմ լուռ դիտորդ՝ թույլ տալով, որ տեքստն ինքը դառնա մի նույնպիսի զգացողություն, ինչպիսին ցուցահանդեսն էր։ Ոչ թե հասկանալ, այլ զգալ։ Ոչ թե տեսնել, այլ որսալ ակնարկը՝ որը երբեք բացահայտված չէր, բայց մշտապես ներկա էր։

